«Բնագիտությունը և դրա կիրառությունները» ճամբար

Օգոստոսի 26-28-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ «Բնագիտությունը և դրա կիրառությունները» գիտական ճամբարը, որին մասնակցում էին ավելին քան 50 ուսանողներ ԵՊՀ-ից և հայաստանյան այլ բուհերից: Ճամբարը կազմակերպել էին ԵՊՀ ՈՒԳԸ-ն՝ Օպտիկական ընկերության (OSA) հայաստանյան ուսանողական մասնաճյուղի հետ համատեղ:

«Բնագիտությունը և դրա կիրառությունները» ճամբարի մասնակիցները

Ճամբարի առօրյան հագեցած էր թե՛ գիտական, թե՛ ճանաչողական դասընթացներով, որոնց հաջորդեցին ինտելեկտուալ և սպորտային խաղերը: Դասընթացներն ինտերակտիվ էին, որոնք ուղեկցվում էին փորձերի ցուցադրությամբ:  Տեղի ունեցավ նաև հատուկ դասախոսություն «Ֆունդամենտալ գիտությունից դեպի բիզնես նախագիծ» թեմայով, որը վարեց «PPT-Plasma Physics and Technologies» ստարտափի ներկայացուցիչ Գոհար Հովհաննեսյանը:

Դասընթացների ավարտից հետո մասնակիցները հնարավորություն ստացան ներկայացնելու սեփական հետազոտությունները և գիտական աշխատանքները: Ճամբարականները վերջին երեկոյան խարույկ վառեցին, որին հաջորդեց ՈՒԳԸ-ի և OSA ԵՊՀ և ԳԱԱ ուսանողական մասնաճյուղի համագործակցությանը նվիրված երեկույթը՝ թեմատիկ տորթերով և խմիչքներով:

«Այս տարի ընդունվել եմ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ: Դասընթացներն իսկապես օգտակար էին, հատկապես նրանց համար, ովքեր ապագայում ցանկանում են գիտությամբ զբաղվել: Նաև ծանոթացա Ֆիզիկայի ֆակուլտետի տարբեր ուսանողների հետ: Հուսով եմ՝ ճամբարային ավանդույթները կշարունակվեն»,- նշեց ճամբարի մասնակից Արմինե Ալեքսանյանը:

Ճամբարի ավարտին պարգևատրվեցին կազմակերպիչների գնահատմամբ առավել ակտիվ ուսանողները, ինչպես նաև «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի հաղթողները:

Հեղինակ՝ Վարդան Ավետիսյան